Առցանց հերթագրում` պոլիկլինիկաներում բուժսպասարակում ստանալու համար
Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության համագործակցության արդյունքում պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։
Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն, քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։ Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո, հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։
Սպասարկող բժշկի մոտ առցանց եղանակով հերթագրվելու համար անհրաժեշտ է․
- Նախ այցելել «Էլեկտրոնայինառողջապահության ազգային օպերատոր» ընկերության կայք։ Դա հնարավոր է ինչպես համակարգչով, այնպես էլ բջջային հեռախոսով։
- «Մուտք համակարգ» բաժնում անցնել «Գրանցվելու համար սեղմեք այստեղ» հղումով, որտեղ հարկավոր է լրացնել․
- Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համար),
- Անուն- ազգանունը,
- Ծննդյան օրը,
- Բջջային(ոչ քաղաքային) հեռախոսահամարը (եթե նախկինում պոլիկլինիկա այցելելիս հեռախոսահամարն արդեն իսկ այնտեղ գրանցվել է, ապա լրացվում է հենց նույն համարը, որպեսզի կատարվի նույնականացում),
- Ստեղծել գաղտնաբառ։
- Նշված տվյալները լրացնելուց հետո՝ քաղաքացին իր գրանցած բջջային հեռախոսի համարին կարճ հաղորդագրությամբ կստանա կոդ, որը համապատասխան բաժնում լրացնելուց հետո կիրականացվի գրանցումը համակարգում։
- Գրանցվելուց հետո քաղաքացին նույն տվյալներով ևս մեկ անգամ պետք է մուտք գործի համակարգ, որի ժամանակ արդեն նրան տեսանելի կլինեն այն թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի տվյալները, որի մոտ նա կցագրված է պոլիկլինիկայում, ինչպես նաև՝ նշված մասնագետի աշխատանքային ժամանակացույցն ու ազատ ժամերը։
- Հարմար ժամն ընտրելուց հետո՝ քաղաքացին կարող է գրանցել այցը։ Տվյալներն անմիջապես կփոխանցվեն պոլիկլինիկա։
Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չի լինի նախապես գրանցված ժամին այցելել, ապա կրկին մուտք գործելով համակարգ՝ հնարավոր է փոխել այցի ժամը կամ չեղարկել այցը։
Առցանց գրանցմանը զուգահեռ՝ շարունակում է գործել նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու կարգը։